Ստեղծարարության ճանապարհը
Տասնամյա տղան խորհրդային տարիներին հայ երեխաների սիրելի «Պիոներ կանչ» թերթում կարդում է հոդված, որտեղ նշվում էր, որ դեպի Հայաստան մոնղոլթաթարական արշավանքների ժամանակ, երբ թշնամին մոտ է լինում Սանահինի վանքին, սուրհանդակները վտանգի լուր են փոխանցում, եկեղեցականները վանքի հարստությունները տանում և թաքցնում են ձորագլխի ժայռերի մեջ գտնվող քարանձավներում: Եվ, ամենակարևորը, գրված էր, որ դրանք մինչ այժմ դեռ հայտնաբերված չեն:
Այդ ժայռերն ու քարանձավները դառնում են Ալավերդու Սանահին թաղամասի դպրոցականների փոքրիկ խմբի երանելի խաղավայրը: Նրանք պատմության յուրատեսակ խաղ են խաղում, վտանգավոր ժայռածերպերի վրայով դեպի քարանձավները մագըլցում, որոնում են դեռևս չգտնվածը:
Եվ մի օր, իսկապես ինչ որ բան գտնում են: Կճուճներ, մագաղաթե մի էջ, լիքը ընկույզի կիսատ կճեպներ, իսկ դա նշան էր, որ այդ քարանձավում գրիչ է աշխատել… Գտածոն հանձնում են հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն, դպրոցում ցուցադրություն է կազմակերպվում, մագաղաթն ուղարկվում է Մատենադարան:
Մասնագիտության ընտրությամբ հայտնվում է Պոլիտեխնիկականում, ուսանողական տարիներին սկսվում է Արցախյան շարժումը, երիտասարդները հետաքրքրությամբ մխրճվում են պատմության խորքերը` ներկան ու անցյալն իրար կապող կամուրջը վերջապես հնարավոր էր գցել ու հասկանալ հայ մարդու անցած ուղու հավաքական պատկերը:
Պատմությունն անհատակ խորքեր ունի, հարցեր են ծնվում, որոնք պատասխաններ են պահանջում: Քարանձավներում որոնումներն այժմ գրքերում էր պետք շարունակել: Տասնյակ տարիների ընթացքում հավաքվում է գիտական լուրջ գրականություն, ինչը հաճելի զբաղմունք դարձած ուսումնասիրություններն ու գիտելիքի կուտակումը աշխատանքից դուրս, տնային հանգիստ պայմաններում ստեղծագործական հայտնագործումների հրավառություն է դարձնում: Եվ դա ընդամենը ինքնաառաջադրանք էր` հասկանալ հայոց պատմության տրամաբանությունը: Տեսնել արմատները, որպեսզի պարզ լինեն նաև ճյուղավորումները: Գործը, որն իր անձնական հետաքրքրության համար էր անում, ինչ որ մի պահից փոխակերպվում է վեց տարի ժամանակ կլանած լուրջ մասնագիտական արդյունքի: Պատմությամբ հետաքրքրված ծրագրավորողը, աշխատանքային գործունեությամբ հայաստանյան մի շարք խոշոր հարկատու ընկերությունների գլխավոր հաշվապահը, մեկտեղել էր տարբեր մասնագիտությունների տեր հետազոտողների մի ամբողջ բաժնի հնարավորությունները, և մի օր ավարտին հասցրեց միայնակ մեկտեղած ՀԱՆՐԱԳԻՏԱԿԸ:
Թերթում ես հայոց պատմության աղբյուրագիտության եզակի հավաքածո—աշխատությունը և այն պատրաստողի կենսագրության հետահայացում նույնպես տրամաբանություն ես տեսնում` մանկության տարիներին ձևավորվող հետաքրքրություներն իսկապես ճանապարհ են անցնում: Իսկապես մասնագիտությունների բազմազանություն է անհրաժեշտ` որպես աշխատանքային գործիքակազմ: Եվ, նվիրվել կարողանալ այն ամենին, ինչ հետաքրքիր է քեզ: Ինքնաառաջադրանքը ստեղծագործական լրջագույն աշխատանք է ոչ միայն արվեստում:
Նախաբան` առաջին ընթերցողի իրավունքով
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ: Ճշգրիտ ընտրված անուն այս հսկայածավալ աշխատանքի համար, որտեղ 750-ին մոտ էջերում գրավոր հիշատակությամբ հայ ժողովրդի պատմության մանրամասներ վավերագրած, վերապատմությամբ և արտագրությամբ մեկը մյուսին և ապա` սերունդներին փոխանցած, պատմական ժառանգորդության շղթայի անխախտության պահապան հայտնի և անանուն 644 պատմիչներն են, ժամանակագիրները, հիշատակագիրները, մյուսները: 644 ընտրանի` հազարավորներից… Փառք նրանց բոլորին:
Զարմանալի զգացողությամբ ես կարդում նրանց ներկայացնող ակնարկները: Իրար հաջորդող մի քանի էջ, թե կես էջանոց պատմությունները մի ինչ որ պահից սկսյալ` հանկարծ դիմացիդ հառնեցնում են ներկայացված բոլոր անհատների կենդանի կերպարները` հարթեցնելով պատմության անցյալի ու ներկայի բոլոր պատնեշները` ամենով ներկայանալով որպես մեկ անքակտելի ամբողջություն:
Պատմության գրավոր ժամանակներից դեպի մեզ եկող և գուցե թե մեզ համար արդեն անտես դարձած նույնիսկ որևէ փոքր անկյունից որևէ մեկ պատմական նշանակության նախադասությամբ, թե մեծածավալ նկարագրություններով ու մեկնություններով հայտնի մեկը, միասնացած, լուսավոր ջահը ձեռքներին, հնագույն իրենց հագուկապով, մորուքներով, գլխադիրներով մի հոյակապ հանդիսությամբ երթի են դուրս եկել: Աներեևակայելի ջերմությամբ լի պատկեր է երևում` հանկարծ, շատ իրական, ես նրանց այդ շքեղ երթով տեսնում եմ Հայաստանի Հանրապետության հզոր էներգիայով լի հրապարակում: Արդյոք շնորհակալության նշան է, որ իրենց չենք մոռանում, գուցե պատմության անցյալը, ներկան ու սպասվող ապագան բոլորովին էլ բաժանվա՞ծ չեն հազարամյակների հեռավորությամբ, այլ միասին են, մեկ ակնթարթ, ու ընդամենը այդ միասնական քուրայո՛ւմ պիտի տեսնել կարողանաս իրողությունները:
Նրանք են մեզ փոխանցել մեր մասին պատմող պատմական անցքերի, անհատների, իրավիճակների, սխրանքների ու սայթաքումների վավերագրությունը, այդ հեռավոր լռակյաց ժամանակներում իրենց մենավոր խցերում նստած` մեզ են տեսել, որ մի օր մենք էլ իրենց տեսնենք դարերի միջով հերոսաբար անցած ու ողջ մնացած վկայագիրք—մատյանների գեղագիր էջերում:
Այլ բան է, երբ հիշողության այս վավերագրերն առանձին—առանձին ես կարդում, ուսումնասիրում և մեկիկ—մեկիկ վերադարձնում յուրաքանչյուր հաջորդ սերնդին ի գիտություն և ի պահ, մեկ այլ զարմանալի զգացողությամբ ես լիցքավորվում, երբ ահա այսպես, իրար կողքի, մեկը մյուսին պատմությունը փոխանցող հերթականությամբ տեսնում ու մի ինչ որ պահից նաև զգում ես նրանց կենդանի ներկայությունը, մանրանկարներում հավերժացած դեմքերում քեզ արյունակից նախնիներիդ ես որոնում, ասես ընտանեկան լուսանկարների ալբոմը թերթելիս լինես:
Պատմագիրների այս հավաքական աստղաբույլը հանրամատչելի գրականության պատվարժան թիմում կհայտնվի, ամենատարբեր մասնագիտության, տարիքի, բայց պատմությամբ հետաքրքրված ու պատմական խորքերում թափառելու սիրահար յուրաքանչյուրի ընկերը, բարեկամը կդառնա, աչքին մոտ սեղանի գիրքը: Երբ այսպես մեկտեղված ես տեսնում պատմությունն ու պատմական կոնկրետ անցքերը, այնքան մոտ են թվում դարերն ու հազարամյակները` ափիդ մեջ… Անգամ մեկ ոտանավորը կարող է պատմական տեղեկատվության աղբյուր լինել ու հեղինակի անունը դարից դար փոխանցել: Ահա, թե ինչ զորություն ունի գրի առնված միտքը: Տարօրինակ զգացողություն է ծնվում, կարծես կանգնած ես հղկված, զտված, հոյակերտ դիմացդ հառնած բացարձակ արժեքի դեմ:
Գաղափարի և գրքի ծննդյան պատմությունը
Այս յուրահատուկ աշխատանքի հեղինակը պատմության սիրահար, մասնագիտությամբ ծրագրավորող Արամ Սոխակյանն է` երկու անհրաժեշտ սուր ծայրեր, որոնք պետք է լուրջ աջակիցը լինեին նման աշխատանքը մտահղանալու և հաջողությամբ ավարտին հասցնելու գործին: Նա իր ծննդավայր Ալավերդիում գերազանց սովորող, ուշիմ, քայլող հանրագիտարան, տաղանդավոր երիտասարդի համարում ուներ: Աշխատանքային կենսագրությամբ դրան ավելացավ պղնձաձուլականի, այնուհետև Ախթալայի լեռնահանքային կոմբինատի գլխավոր հաշվապահի` որպես փայլուն մասնագետի պատիվը: Վերջին տարիներին որպես հոբբի իր կենսագրության մեջ ամուր տեղավորված պատմագիտական հետաքրքրություննները զուգահեռվել են ծրագրավորման և վերլուծական լրջագույն մասնագիտական աշխատանքին` տարիների հետ ավելին դառնալով, քան զուտ ընթերցասիրությունը: Հայոց պատմությանը, աղբյուրագիտությանը, կրոնին առհասարակ, հոգեբանությանն ու փիլիսոփայությանը, հայագիտությանը վերաբերող գրականություն հավաքելն ու ուսումնասիրելը ազատ ժամանակի հաճելի զբաղմունք դարձավ:
Առաջին տպավորությունը, որ նա գրքի սիրահար է, անշուշտ, անձնական հարուստ գրադարանն է իր ներկայացուցչական անվանացանկով: Տարիներ շարունակ գեղարվեստական ընտրանու հետ հատիկ-հատիկ հավաքվել է հիմնականում հայագիտությանը վերաբերող բարձրարժեք և պատվարժան գրականություն:
Անձնական հարուստ գրադարանը ոչ միայն բծախնդիր հետաքրքրությամբ հավաքված ու ընթերցված է, այլև յուրաքանչյուրից փոխանցված գիտելիքը խորագետ զրուցակցի խանդավառությամբ պատմվում, քննարկվում ու ներկայացվում է զրույցների, հավաքների, շատ սիրելի հայրենագիտական արշավների միջավայրում:
-Ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել կարող էի միայն գրքերում: Այդ հիմա է, որ համացանցում կարծես թե ամեն ինչ կա, բայց իմ ուսանողական տարիներից սկսած գրավաճառներն իմ բարեկամն են դարձել: Եվ, ունենալով այսպիսի գրականություն, հաճույք եմ ստացել, երբ երեխաներիս լրացուցիչ գիտելիք տալու մտահղացմամբ` փոքրիկ քննարկում-դասընթացներ էի նրանց համար կազմակերպում: Քարտարան հավաքածուներ ունեմ պատրաստած տարբեր թեմաներով: Հատուկ իրենց համար տարատեսակ նյութ եմ հավաքել, դպրոցականին մատչելի արտահայտչամիջոցներով բրոշյուրներ եմ պատրաստել, և տանը, գրատախտակի վրա, նյութը բացատրել: Նաև Աշխատանքային օրենսգիրքն եմ բացատրել, օրենսդրական աշխատանքը, ինչ է նշանակում պետության փող, ինչպես է ձևավորվում հանրապետական բյուջեն, ինչպես է գալիս, ինչպես է ծախսվում, անշուշտ, հաշվապահ լինելս նույնպես օգնության էր հասնում: Եվ, այս գրքի ստեղծման պատմությունը նույնպես նույն ակունքներում է: Իրականում, ամեն ինչ սկսվեց այն մտքից, որ որոշեցի օգնել երեխաներիս հայոց պատմությունը հիմնավոր սովորելու հարցում: Այն հարստությունը, որ ես ունեի, պետք է նաև երեխաներիս հասանելի դարձնեի: Տարիների ընթացքում արդեն ձևավորվել էր աշխատանքի յուրահատուկ մեխանիզմ, մյուս կողմից` այն ինձ համար հաճելի զբաղմունք էր, իսկ երեխաների համար` օգտակար գիտելիքներ, որոնք որևէ մեկ ուրիշը նրանց չի տալիս: Այդ շարքում մի օր միտք եկավ պատմիչների մասին նույն բանն անել: Կարծում էի, թե դժվար չի լինելու, որովհետև արդեն ունեի տարբեր թեմաներին նվիրված նման աշխատանքի փորձառությունը, որոնց թվում էր նաև Գրի և գրչության վերաբերյալ աշխատանքը: Ժամանակագրական տախտակ էի մշակել, Հայկական լեռնաշխարհում երբևէ գործած բոլոր գրերի` ժայռապատկերներ, սեպագրեր և գրաֆիկական տառեր, Արամեական, հունական և լատինական գիր, Դանիելյան գիր, այս բոլորի համար գրաֆիկ էի կազմել, որտեղ ըստ դարերի երևում է, թե որ հազարամյակում, որ դարում ինչ է եղել և հետագայում ինչի է փոխվել: Առանձին-առանձին ներկայացրել էի տառատեսակների, կետադրական և առոգանության նշանների, խազագրության, կապգրության, համառոտագրության ու ծածկագրության պատմությունը: Ըստ մշակված այս մոդելի` հիմա էլ պետք էր պատմիչների համար մշակել նույնատիպ գրաֆիկ: Խնդիրը պարզ էր, մեխանիզմն ունեի, սակայն նյութի հավաքման համար անհրաժեշտ քարտարանները պատրաստելու ընթացքում տեղեկություններ, գրքեր, համացանց, պրպտեցի, և, զարմանալիորեն պարզվեց, որ չկա որևէ գիրք կամ տեղեկատու, որտեղ նման ամփոփ տեղեկատվություն լիներ, ժամանակագրական տեսողական պատկեր չկար: Ստացվեց այնպես, որ ինքս պետք է ձեռնամուխ լինեի նրանց մասին եղած տեղեկությունները մի տեղ հավաքելուն:
Մարդու կյանքում շրջադարձային պահեր են լինում, որոնք իմաստ ու կերպավորում են ստանում գուցե թե շատ ավելի հեռու ապագայում: Դպրոցում իմ ամբողջ ժամանակը նվիրված է եղել բնագիտական առարկաներին: Իմ սերնդակիցների երիտասարդությունը համընկավ հայկականության զարթոնքին: Պատմագիտությանն իմ առնչությունն սկսվել է ուսանողական տարիներից, պատմական թեմայով առաջին գիրքը, որ ինձ դուր է եկել ու առաջնորդել, Ալեքսանդր Վարպետյանի «Ո՞վքեր են ի վերջոյ արիացիները» գիրքն էր, նրա միջոցով պատմությունն ինձ գրավեց գիտական տեսակետից: Շատ հետաքրքիր է, որ պատմությունը ցանցի նման պատկեր է ներկայանում: Երբ աշխատությունը գիտական է, ոչ թե հանրամատչելի, ապա աղբյուրներն ես տեսնում, ավելի լավ ես հասկանում, թե ինչը որտեղից է գալիս:
-Որքան էլ որ մեզ համար հետաքրքիր էր մեր ժողովրդի պատմական անցյալն ու այն իմաստավորելը, խորհրդային երկրում ավելի շատ ուրիշների պատմությունն էին ուսուցանում թե դպրոցում, թե բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ամեն ինչ կուսակցական մամլիչի տակ ճզմված էր, պատմաբաններն իրենք առանց սեփական որոնողական ու պրպտուն աշխատանքի հայ ժողովրդի պատմության խորքերի մասին կարգին պատկերացում կազմել դժվարանում էին: Հայոց պատմությունը նվիրյալների մենաշնորհն էր կարծես դարձել: Մինչև որ հասանք պատմական մի այնպիսի հանգրվանի, որ հնարավոր դարձավ ամեն ինչի մասին տեղեկանալ, խոսել, եզրահանգումներ անել: Շահեցին հիմնականում երիտասարդները:
-Իմ ինստիտուտն ավարտելը համընկավ երկրի ազատագրական պայքարին: Շատ բաներ սկսեցին մեզ հասանելի դառնալ: Այդ օրերին պատմություն ուսումնասիրելը յուրատեսակ պահանջ էր դարձել մեզ համար: Դպրոցում պատմություն առարկան լավ սովորելով հանդերձ` շատ բան չգիտեինք, որովհետև, այո, չէին սովորեցրել, շատ բան գաղտնի էր պահվել, օրինակ, մեր հեթանոսական ժամանակների մասին Արևորդիների կազմակերպած ինչ որ համաժողովի մասնակցեցի ու ցնցող տպավորություն ստացա: Մեզ համար դեռևս կարևոր չէր հասկանալ, թե ինչն է լավ, ինչը վատ, վերջապես մեր պատմության հետ էինք ծանոթանում, ինձ համար բացահայտեցի հին հայկական հավատալիքների գոյությունը, Վանի թագավորության պետական կրոնն ու Արարատյան դիցաբանությունը: Պատմության նկատմամբ հետաքրքրությունն սկսեց ձևավորվել ու հետագայում իմ շատ սիրելի զբաղմունքը դարձավ, իմ անբաժան բարեկամը:
Տասը տարուց ավել է հիմնական աշխատանքիցս զատ` լրջորեն պատմությամբ եմ զբաղվում, դրանից առաջ շուրջ տասը տարի, անկախության դժվար տարիներին էլ նույնիսկ մոմի լույսի տակ կրոնին, առասպելներին առնչվող ուսումնասիրություններ եմ արել: Ոչ միայն գրքեր էի որոնում, գտնում, ձեռք բերում, կարդում, այլև մշակում էի դրանք, որի արդյունքում կրոնական, դիցաբանական տերմինների բառարան-քարտարան եմ պատրաստել, տասնյակից ավել հաստ տետրեր նյութ եմ հավաքել: Այն ժամանակ համացանց չկար, աշխատանքը ժամանակատար, բայց ավելի հետաքրքիր էր, որովհետև տեղեկությունները որոնում ու գտնում էի դրանց վերաբերող գրքերում, գրավիչ էին հատկապես պատմության և կրոնի զուգահեռ ուսումնասիրությունները: Զենոն Կոսիդովսկու «Բիբլիական ավանդապատումներ» գիրքն էր շատ հետաքրքիր ինձ համար: Նման գրքերը մեծ բավականություն էին պատճառում, Աստվածաշունչն ու Խորենացու «Հայոց պատմությունը» զուգահեռ ընթերցում ու համեմատում էի:
Իհարկե, երբ բոլորիս հասանելի դարձավ համացանցը, նկատեցի, որ այն, ինչ տասը տարի ես ջանադրաբար հավաքում էի, գրադարանիս գրքերն էի ավելացնում, քարտարան-տետրերս էի հաստացնում, դրանից շատ ավելին կար համացանցում: Բայց, չեմ համարում, թե աշխատանքիս ընթացքը կորցրած տարիներ են եղել, որովհետև, եթե ուսումնասիրության տասը տարիների աշխատանքը չլիներ, չէի հասնի այսօրվան:
Երկու հազարից ավել գիրք ունեմ, գրադարանիս կեսից ավելին պատմությանը, հայագիտությանը, կրոնին վերաբերող են, հաջողել եմ նույնիսկ հազվագյուտ ու հնատիպ գրքեր ձեռք բերել: Երբ կատարածս աշխատանքի առիթով հանդիպեցի մեր հայտնի պատմաբաններին, առաջին հարցն այն էր, թե որտեղից եմ վերցրել գրականությունը: Իմ անձնական գրադարանից: Աղբյուրագիտությանն այդպես հասա, մոտ տասը տարի առաջ առավել ուշադրությունս հենց աղբյուրագիտությունն էր: Նպատակս նույնն էր` ավելին իմանալ պատմիչների ու նրանց միջոցով մեզ հասած պատմության մասին: Աղբյուրագիտությունը մեզանում բավական զարգացած է, լուրջ աշխատանքներ շատ կան, հարգարժան, հիանալի գիտնականներ ունենք, որ իրենց նվիրել են այս ոլորտին: Բայց, ամենայն հետաքրքրությամբ ուսումնասիրելով Ստեփան Մելիք-Բախշյանի կողմից գրված բուհական ձեռնարկը, Առաքել Առաքելյանի և Լևոն Բաբայանի եռահատորները, մեր ունեցածից շատ քչերի մասին տեղեկություններ գտա նրանցում: Աղբյուրագիտության վերաբերյալ ուսումնասիրություններ, մատենագիտական լուրջ աշխատանքներ շատ կան, բայց միայն 30-40 հայտնի պատմիչների մասին են գրում բոլորը: Թեմայի մասին բազմաթիվ աշխատություններ ունի Ղևոնդ Ալիշանը, որը, ցավոք, սովորություն չի ունեցել իր օգտագործած աղբյուրները նշելու: Հակոբ Քյոսեյանի աշխատություններում հիմնականում ներկայացված են եկեղեցական մատենագիրները: Մանուկ Աբեղյանը, Կյուրեղ Քիպարյանը, Հմայակ Շէմսը, Վանո Եղիազարյանը և այլք ունեն հայ հին գրականության պատմություն: Հակոբ Անասյանի «Հայկական մատենագիտություն»-ը շատ ավելի հիմնավոր է, երեք մեծ հատորյակը ընդամենը այբուբենի երկու տառերն է ընդգրկում, որտեղ ներառել է նաև օտար մատենագիրներին, որոնք առնչություն են ունեցել հայկական մատենագրությանը: Շատ մանրակրկիտ աշխատանք է, բայց գիտական նշանակություն ունի, հանրամատչելի կիրառության չէ: Ընդհանրական մատենագրություն է, քսան-երեսուն հատոր կդառնար, եթե ամբողջացներ մինչև վերջին տառը: Պողոս Խաչատրյանի մատենագիտական աշխատությունները վերաբերում են հայ հին գրականությանը և պատմական ողբերին: Անակնկալ էր այն, ինչ պարզվեց իմ այդ բուռն հետաքրքրվածության արդյունքում: Մեր երախտավոր աղբյուրագետների հսկայածավալ աշխատանքները հիմնականում կամ թերի են (Անասյան, Ղազիկյան), կամ էլ սահմանափակ թվով, հիմնականում հայտնի պատմիչների մասին են, և մեր ընդհանուր մատենագիտության մեջ ակամա հայտնաբերեցի մի չնվաճված ոլորտ…
Ընդհանրապես, աղբյուրագիտությունն իր մեջ ամեն ինչ է ներառում, նաև նյութական աղբյուրները, ազգագրությունն ու բանահյուսությունն են կարևոր, ցանկացած բան, որ հնուց անցել է մեզ: Նույնիսկ հոգևոր գրականությունը, միջնադարյան պոեզիան, այն, ինչ պահպանվել է, մեզ տեղեկություն է փոխանցում անցած ժամանակի մասին: Այսինքն, աղբյուրագիտությունն ընդհանրապես որպես այդպիսին շատ մեծ ծավալ է զբաղեցնում և անսպառ նյութ է պարունակում մեզ համար:
Որոշեցի կանգ առնել այն հայ հեղինակների աշխատությունների վրա, որոնցում պատմական կարևորության որևէ իրողություն է ներկայացվում: Կատարված դեպքերի մասին տեղեկություններ թողած հեղինակները աղբյուրագիտության մի փոքրիկ մասն են, կենտրոնացա գրչագիր աշխատություն թողած պատմագիրների վրա: Բնական է, որ ընտրություն կատարելիս ինչ որ տեղ պետք էր սահմանափակող գիծ քաշել: XIV-XVII դարերում մենք չենք ունեցել պատմագիր, մշակույթը չի զարգացել, երկու-երեք դար միայն հիշատակարաններ ենք ունեցել, որոնք մեծանուն հայ գիտնականների կողմից մանրկրկիտ ուսումնասիրվել են: Մեկը հիշատակարան է գրել, մյուսը շարունակել է` ավելացնելով, բոլորն իրենց անուններով փոխանցել են մեկը մյուսին: Տասնյակ հազարավոր ձեռագրեր ունենք, այդքան էլ և գուցե թե ավելին` հիշատակարաններ ու հիշատակագիրներ: Նրանց, որոնց աշխատություններն առանձին հրատարակվել են, ընտրողական փուլ են անցել: Ութ-ինն հատոր հիշատակարաններ կան տպագրված, բայց այն աշխատությունները, որոնք առավել կարևոր են եղել, առանձին ուսումնասիրվել են, քննարկվել, հրատարակվել, ես նրանց էլ եմ ներառել իմ գրքում: Իրականում, անհնար է ամենը հավաքել, բայց գրքում ներկայացվածը մի այնպիսի ծավալ է, որ հնարավոր է ամբողջական պատկերացում կազմել մեր պատմության ձևավորման ու պատմագրության մասին: Բնականաբար, դժվար գործ է ընտրություն կատարելը, պետք է ընտրության սահմանը հստակեցնել: Նմանատիպ բարդ ընտրության առաջ եմ կանգնել նաև, երբ գիրքը երկու մասի բաժանելու գաղափար առաջացավ, երկրորդ մասը վերնագրել եմ «Մանր և անհայտ պատմիչներ»: Ինքս մեծ հարգանքով եմ լցված բոլորի հանդեպ, իհարկե, Խորենացին, Ղևոնդը ավելի մեծ ժառանգություն են թողել, քան մեկը, որ պատմության մեջ մի քանի տողով է մնացել: Բայց այդ մեկը պատմության մեկ բաց տեղ է լրացրել, որովհետև ոչ մի պատմիչ ամեն ինչ չէ, որ գրել է: Իսկ պատմիչների գործերի ճնշող մեծամասնությունն էլ մեզ են հասել հետագա գրիչների կողմից արտագրվելով: Գաղտնիք չէ, որ գրիչները, արտագրողները, բնականաբար, նրանք են, ովքեր գրել-կարդալ են իմացել, և, իհարկե, վանքերում են եղել, նաև միջամտել են արտագրության տրված տեքստին, տվյալ ժամանակաշրջանի կամ եկեղեցու ղեկավարի անձով պայմանավորված ավելացում կամ պակասեցում են արել: Այս պարագայում առավել կարևորվում է տվյալ ժամանակահատվածի համար թողնված ցանկացած տեղեկություն, որը երբեմն կարող է էական ճշգրտում կատարել որևէ հայտնի պատմիչի պատմական ստվարածավալ աշխատությունում: Այսինքն, նրանք նույն սանդղակի վրա չեն դրված, բայց նաև չի կարելի նրանց անտեսել: Հանրագիտակում 154 հիմնական պատմիչներ են ընդգրկված և ևս 490-ը, որոնց ես մանր պատմիչներ եմ անվանել: Այսպիսով, ընդհանուր հաշվով 644 մարդու մասին տեղեկություններ են պրպտված ու մեկտեղված այս աշխատանքում: Բաժանումը պայմանական է արվել, ըստ էության, ընթերցողի համար դա այնքան էլ կարևոր չէ:
Ինչպես ամբողջ գիրքը, կառուցվածքը նույնպես ձևավորվել է գրքի ստեղծման ընթացքում: Շուրջ վեց տարի է տևել այս աշխատանքը: Երեխաների համար հասկանալի, ամբողջական ուսուցողական նյութի պատրաստումը որպես նպատակ ունենալով` Արամն ընկղմվում է պատմության խորախորհուրդ աշխարհը, հանդիպում գրիչը ձեռքին ստեղծագործողների մի հսկա բանակի, անուն առ անուն կարդում, տեսնում նրանց մանրանկար դիմանկարները, կարծես կենդանի անմիջականությամբ շփվում նրանց հետ: Այդ զարմանահրաշ աշխատանքային միջավայրն ամեն օր նրան գրասեղանի մոտ էր կանչում, քարտարանի գաղափարը զիջեց գրաֆիկ կազմելուն, գրաֆիկ կազմելուն հաջորդեց յուրաքանչյուրին փոքրիկ ակնարկներով ներկայացնելու անհրաժեշտությունը, էջ առ էջ ավելացավ ու վեց տարվա աշխատանքի արդյունքում շուրջ յոթ հարյուր հիսուն էջանոց ստվարածավալ գիրք դարձավ, հանրամատչելի` պատմության սիրահարների, և գիտական աշխատություն՝ մասնագետների համար: Այն առաջին հերթին բացահայտում է: Նախ` գրքի հեղինակն է բացահայտել, և ապա` նույն գեղեցիկ հայտնագործումների ոգևորությունն ապրելու հնարավորությունն ընձեռել մեզ:
-Գիրքը հանրագիտակ է կոչվում, որի հավելվածներից մեկն է այդ գրաֆիկը, բայց իրականում ամեն ինչ սկսվել է գրաֆիկից: Աստվածաշնչյան որևէ դեպքից սկսած մինչև 1850 թիվը մեր պատմությունը ներկայացրած, չորրորդ դարից մինչև 1850 թիվն ապրած հայ պատմիչներին տեղավորել եմ հնարավոր ամենախորքերից սկսած, հսկայական պատմական ճանապարհն է երևում գրաֆիկում ընդգրկված անունների միջոցով: Եթե գրաֆիկում երևում է, թե տվյալ պատմիչը որ դարում է աշխատել ու հղումով բացում ենք նրա էջը, մոտ կես էջանոց հավաքական ակնարկում կարող ենք կարդալ նրա մասին: Գիրքն ստեղծված է որպես մի գործիք, որը ցանկացած մարդու համար շատ օգտակար կլինի, մեկ տեղում հավաքված է 644 հայ պատմիչների մասին հնարավորինս ամփոփ ու ներկայացուցչական տեղեկատվություն: Ես փորձել եմ ընտրել այն տեղեկությունները, որոնք կհետաքրքրեն օգտվողին, հավաքել ու մեկտեղել եմ յուրաքանչյուրին վերաբերող հետաքրքիր պատմությունները: Գիրքը տեղեկատուից առավել է, որովհետև տեղեկատու է կառուցվածքով ու ներկայացմամբ, բայց բովանդակությամբ ավե-լին է: Պատմության ինստիտուտում այն որակվեց որպես գիտահանրամատչելի, ճշգրիտ բնութագրում է:
Ահա այսպես, ի սկզբանե երեխաների համար նախատեսված ուսուցողական, մատչելի, տպավորիչ ու հետաքրքրաշարժ աշխատանքն այսօր ներկայանում է ավելի ընդգրկուն առաքելությամբ` ոչ միայն սիրով սովորել պատմությունը, այլև օգնել սիրել պատմությունը: Եվ շնորհակալ այս աշխատանքի սկիզբն էլ հենց մանկական տարիների մի արկածային դիպվածով պատմության հետ հանդիպումն է եղել:
-Ես համոզված եմ, որ մանկությանս տարիներից եմ ստացել պատմության մեջ խորամուխ լինելու ուղերձը: Ինչպես ասում են` ոչինչ պատահական չի լինում: «Պիոներ կանչ» թերթում կարդացի մի հոդված, որ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ երբ թշնամու զորքը մոտենալիս է լինում Սանահինի եկեղեցուն, սուրհանդակները լուր են հասցնում, մի քանի վանական վերցնում են վանական համալիրի ունեցած գանձերը, նաև ջահը, ինչը նույնպես գրված էր հոդվածում, տանում, պահում են մոտակա ժայռերի քարանձավներում: Գրված էր նաև, որ մինչ այժմ դրանք չեն հայտնաբերվել: Մենք մի քանի դպրոցական ընկերներով (Վրեժ Թամազյանի, Արմեն Մոսինյանի, Ռուդիկ Պապոյանի հետ) սկսեցինք որոնումները, ծնողները մեզ պատժում էին, վտանգավոր էր, իհարկե, ժայռերի վրայով էինք իջնում ու բարձրանում, բայց մենք գաղտնի էինք գնում: Գանձերի որոնումը մեզ համար միատեղվել էր մանկական խաղերի հետ: Յոթ քարանձավ կա այնտեղ իրար վրա, որի առջև գտնվող պարսպի վրա մի քանի տեղ նետահարման համար անցքեր կային, գեղարվեստական գրականության մեջ հետագայում հայտնաբերեցի «հրակնատ» անվանումը, մենք այդ ժամանակ, փաստորեն, դրանով էինք խաղում: Տասը տարեկան էինք, և պեղումներ էինք անում, և պատմություն-պատմություն էինք խաղում, բոլոր քարանձավները մտնում դուրս էինք գալիս. և մի օր վերջապես դրանցից մեկում բավական նյութական արժեքներ գտանք` կճուճներ, զանգ, տասը սմ հաստության մոմ, որի թելը մի բարակ պարան էր, և նաև գտանք ընկույզի կճեպի կեսեր: Մի քանի օր պեղեցինք, ամեն ինչը տարանք դպրոց, փոքրիկ ցուցադրություն արվեց: Նաև մի մագաղաթյա թերթ գտանք, վրան հայերեն տեքստ գրված: Այնքան հասուն էինք, որ հասկացանք, որ դա արժեք է, հանձնեցինք հայոց լեզվի մեր սիրելի ուսուցչուհի Սուսաննա Շահվերդյանին, նա դրանք ուղարկեց Մատենադարան, մի քանի օրից մի քանի մարդիկ եկան Մատենադարանից, մեզ խնդրեցին ցույց տալ, թե որտեղից ենք դրանք գտել, զարմացան, թե ինչպես ենք մտել այդ քարանձավը: Հետո մենք իմացանք, որ մեր գտածոն ընդունվել և հաշվառվել է Մատենադարանում: Վերջերս խնդրեցի ուսուցչուհուս ցույց տալ ուղարկված նամակը, որը նա խնամքով պահում էր, նոր միայն իմացա, որ այնտեղ շնորհակալություն էր մեզ, և նշել էին, որ մագաղաթն ընդունվել է հին ձեռագրերի գրապահոց: Հետագայում նաև պարզեցի, որ ընկույզի կճեպները եղել են այնտեղ, որտեղ ծաղկողներ են եղել, փաստորեն, դրանց մեջ ներկեր են եղել: Ուրեմն, այդ քարանձավում ծաղկող գրիչներ են աշխատել:
Գրքում հավաքված գրավոր ժառանգության հեղինակներն իրենց աշխատանքն ստեղծել են եկեղեցու մեջ, լուսավորչական միջավայր է եղել այդ հոգևոր աշխարհում: Հոգևոր հավատքի այդ օջախում է գիրն ու գրականությունն ստեղծվել, ձեռագրվել, արտագրվել, հաջորդաբար դարից դար փոխանցվել ու այսօր ոչ միայն պատմագիտական հարուստ նյութ են մեզ տալիս, այլ նաև որպես պատմական արժեք` պատվարժանորեն հանգրվանել են Երևանի, Վենետիկի, Վիեննայի ու աշխարհի բազմաթիվ այլ քաղաքների Մատենադարաններում, գրադարանաններում ու թանգարաններում:
Պատմիչների թվում ընդամենը մի քանիսին կարելի է հիշել, որ աշխարհիկ են եղել, իսկ ճնշող մեծամասնությունը հոգևորականներ են: Ժամանակներն այնպիսին էին, որ գրագիտությունն այդ միջավայրին է հասու եղել, և, բնականաբար, հենց նրանք պիտի իրենց վրա վերցնեին գրի ու գրչության, պատմագրության գործը: Ամեն մեկին առանձին-առանձին անդրադարձել եմ, իհարկե, հիմնական սյուները մի քանիսն են, որոնք ստվարածավալ աշխատություն են թողել, բայց ոչ մեկին չպիտի անտեսել: Երկու հարյուր տարի առաջ է սկսվել մատենագիտական ուսումնասիրությունը, երբ պատմիչները փոխարինվեցին պատմաբաններով, մի քանի տասնյակի մասին բավական շատ գրականություն, ուսումնասիրություն կա, բայց կան պատմիչներ, որոնց մասին հատուկենտ, ինչ որ մի տեղ ինչ որ մի բան է գրված, կան պատմիչներ, որոնց գործերը չեն հրատարակվել, ոմանցը` հարյուր տարի առաջ է հրատարակվել: Ես բոլորին շատ եմ սիրում: Ինձ թույլ չեմ տա գնահատականի խոսք ասել մեծանուն մեր գիտնականների աշխատությունների մասին, բայց, ակնհայտորեն, մեր մի քանի տասնյակ սյուների շուրջ են պտտվում ուսումնասիրությունները: Որպես դասագիրք օգտագործվող և բազմակի հրատարակությամբ գրքերում ընդամենը դրանց մասին է միշտ խոսվում, մյուսների մասին ոչ մեկը չի գրում, կամ հարյուր տարի առաջ, ասենք, Վենետիկում մի հոդված է հրատարակվել: Ես բոլորին բերեցի մի շարք, շատ-շատերին երկրորդ կյանք տրվեց: Երկու մասի է բաժանված գիրքը, բայց բաժանումը պայմանական է, բոլորն ինձ համար անչափ հարազատ են, մարդիկ են, որ հարյուրավոր տարիներ առաջ ինչ որ մի բան են գրել, երևի թե չեն էլ պատկերացրել, թե ինչ արժեք են ստեղծում, բայց այսօր նրանց թողած էջերի ու հատորներիի շնորհիվ մենք ունենք մեր պատմության պատկերը:
-Երկար տարիներ զուտ որպես պատմությամբ հետաքրքրված ընթերցող եղել եք պատմության մեջ, գրքում ներկայացված մարդկանց միջոցով պտտվել հեռավոր դարերում, անմիջականորեն զգացել պատմության ու այն կերտողների ներկայությունը… Ի”նչ ընդհանրական զգացողություն է այն պարգևել ձեզ:
-Շատ երկար ժամանակ մնացի պատմության տարբեր շերտերում, տարբեր մարդկանց ներկայությունն զգացի ու, իսկապես, մի տարօրինակ զգացողությամբ նրանք անընդհատ շատ մոտ էին, հեռավոր դարերը մոտեցել ու միացել էին մեր ժամանակներին: Եվ, տեսա, որ բոլոր ժամանակներում էլ մարդը նույնն է իր առավելություններով ու թերություններով, հաղթանակներն էլ, պարտություններն էլ նույն պատճառներն ունեն: Իսկ դա հեշտացնում է սխալներից սովորելու խնդիրը:
Իսկ ամենակարևոր ձեռքբերումն արդեն աշխատանքի ավարտին եմ ընկալում: Այսքան մարդկանց հետ ծանոթացա, ու նրանք բոլորն ինձ համար կարևորվեցին, եթե մինչ այժմ նրանց մասին նույնիսկ չէի էլ լսել, հիմա ինձ համար շատ թանկ, հարազատ դարձան, ավելի լուրջ գնահատեցի նրանց կատարած աշխատանքը, մանավանդ որ, մարդիկ, չքավորության մեջ ապրելով, ստեղծել են, գրել են, արտագրել ու մեզ համար պահպանել են, փոխանցել այս ամենը: Հզոր մի բան է տեղի ունեցել` գրի շնորհիվ մարդը հեռավոր դարերից մինչև այսօր է հասել իր անունով ու գործով: Արժեք թողնելը, սակայն, պարտադիր չէ, որ միայն գրով լինի: Վերջերս ընկերներով մեր հերթական արշավին Կիրանց վանքում էինք, գիշերը մնացինք, վանքի բակում նայում էինք պատերին, ահռելի կառույց է, հսկայական կամարներով, զարմանում ես, թե այդ ինչպես են կարողացել ճշգրիտ հաշվարկել, գուցե նաև այդ անանուն կառուցողը վստահ է եղել, որ հազար տարվա համար է կառուցում, ութ հարյուր ինն հարյուր տարի առաջ կառուցվածը ինն հարյուր տարի կանգնած է… Նայում էինք քարերին ու բարձրաձայն մտորում, որ ինն հարյուր տարի առաջ ինչ որ մեկն այս աշխատանքը կատարելիս տեսնես ի՞նչ է մտածել, փո՞ղ է ստացել, թե կարևորել է իր աշխատանքը: Հենց նույն կերպ եմ նայում պատմիչների և գրիչների այս աստղաբույլի ստեղծած ժառանգությանը, նրանք թողել են մի բան, որ իրենց չմոռանանք: Կիրանց վանքը կառուցող շինարարների անունը հայտնի չէ, մի հիսուն-վաթսուն տարի ապրել են, բայց թողել են մի գործ, որով հիանում ենք այսքան դարեր հետո էլ: Ահա այս մարդիկ էլ թողել են մի բան, որը մենք այսօր էլ կարևորում ենք: Ես առավել մեծ հաճույք ստացել եմ ոչ թե, որ Խորենացու մասին երեք էջ եմ գրել, երեք հազարից ավել գիրք է գրված նրա մասին, այլ որ մի քանի հարյուր մարդկանց մոռացությունից հանել եմ: Երբ հերթով նրանց հայտնաբերում էի, այնքան ուրախանում էի, որ ինչ որ տեղ ինչ որ մեկի մասին մի բան էի գտնում, որ նա ահա այս բանը գրել է, ու ես նրան ներառում էի իմ ցանկում: Ամենամեծ բավարարումն այս աշխատանքի ընթացքում այն էր, որ ես նրանց բոլորին կենդանացրել եմ ժամանակակից ընթերցողների համար:
Եվ, հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ այս վեց տարիների ընթացքում, աշխատանքի ավարտին իմ սեփական վերաբերմունքն այս գրքի նկատմամբ փոխվեց: Ի սկզբանե այն ինձ համար ֆիզիկական արժեք էր, գործ, որ պիտի վաճառվեր, նյութական արժեք դառնար ընտանիքիս համար, սակայն, երբ այն արդեն պատրաստ է, ու ես այդ բոլոր մարդկանց հետ շատ հարազատ մարդ եմ ինձ զգում, գուցե նույնիսկ ծիծաղելի թվա, գիտակցում եմ, որ կյանքումս առաջին անգամ մի արժեք եմ ստեղծել, որը մնայուն գործ է դառնալու, ՀԱՆՐԱԳԻՏԱԿՆ այլևս ոչ նյութական արժեք է ինձ համար:
Լուսյա Մեհրաբյան
գրքի խմբագիր—սրբագրիչ և առաջին ընթերցող, գրող, լրագրող

—————————————————————————————————————

