Ժամանակագրական տախտակ

Ժամանակագրական տախտակն իրենից ներկայացնում է մի աղյուսակ, որտեղ տողերով ներկայացված են Հանրագիտակի «Հիմնական պատմիչներ» բաժնում ընգրկված պատմիչները, իրենց հերթական համարներին համապատասխան՝ ներքևից դեպի վեր: Մեր Հանրագիտակի առաջին պատմիչը՝ Կորյունը, գտնվում է աղյուսակի ամենաներքևի տողում: Դեպի վերև գալիս են մնացած պատմիչները՝ մինչև թիվ 154-րդը՝ Իսահակ Սահրադյան:

Ժամանակագրական տախտակի ուղղահայաց մասը բաղկացած է երկու հիմնական մասից: Առաջին, ձախ հատվածում ներկայացված են տեղեկություններ հիմնական պատմիչների մասին: Այն ունի հետևյալ տեսքը.

Այս սյունյակներում ներկայացված են հետևյալ տեղեկությունները.

1․ Հերթական համար: Սա պատմիչի հերթական համարն է Հանրագիտակի «Հիմնական պատմիչներ» բաժնում:

2․ Հանրագիտակի այն էջը, որտեղ ներկայացված են տեղեկություններ այդ պատմիչի և նրա աշխատությունների մասին:

3․ Պատմիչի ծննդյան և մահվան թվականները տարիներով, կամ՝ դարերով: Օգտագործված է ներկայացման հետևյալ սկզբունքը.

3․1 «1208»: Սրանք այն դեպքերն են, երբ հստակ հայտնի է  պատմիչի ծննդյան (կամ մահվան) թվականը:

3.2 «1230/35»: Այսպիսի նշագրումը նշանակում է, որ պատմիչի ծննդյան կամ մահվան տարին տարբեր ուսումնասիրողների կողմից համարվում է 1230 կամ 1235 թվականը:

3.3 «1297-1300»: Երբեմն պատմիչի ծննդյան կամ մահվան թվականը հայտնի է մի քանի տարվա ճշտությամբ, սակայն հստակ միջակայքում: Օր.՝ համարվում է, որ Մխիթար Այրիվանեցին մահացել է 1297 թվականից մինչև 1300 թվականն ընկած միջակայքում:

3.4 «մոտ 1250»: Ի տարբերություն նախորդ դեպքի, պատմիչի ծննդյան կամ մահվան թվականը կարող է հայտնի լինել մի քանի տարվա մոտավորությամբ, սակայն առանց միջակայք նշելու: Օր.՝ Ստեփանոս Օրբելյանը ծնվել է մոտավորապես 1250 թ-ին:

3.5 «անհտ»: Պատմիչի ծննդյան (կամ մահվան) թվականի փոխարեն անհայտ գրվում է այն դեպքում, երբ հայտնի է մահվան (կամ ծննդյան) տարեթիվը:

3.6 «10-րդ դար» կամ «13-14-րդ դդ.»: Այսպիսի նշագրում կատարվում է այն պատմիչների համար, որոնց պարագայում անհայտ են և՛ ծննդյան, և՛ մահվան թվականները, սակայն, իր իսկ թողած, կամ այլ մատենագիրների հաղորդած տեղեկությունների հիման վրա որոշելի է գործունեության ժամանակաշրջանը 100 տարվա ճշտությամբ:

4. Պատմիչի անուն ազգանուն: Անանուն պատմիչների դեպքում անվան կողքին փակագծերով նշված է նրանց գործունեության դարը: Ունենք երեք դեպք, երբ նույն դարում եղել են երկու Անանուն պատմիչ, որոնք ընդգրկվել են «Հիմնական պատմիչներ» բաժնում: Նման դեպքերում նրանց անվանը ավելացվել է «-1» և «-2» թվագրումը՝ Հանրագիտակի այլ էջերից այդ պատմիչներին հղում անելու դեպքում իրարից տարբերակելու նպատակով (օր.՝ ունենք «Անանուն (XVII դ.)-1» և «Անանուն (XVII դ.)-2» պատմիչ):

5. Պատմիչի պատմական աշխատության (աշխատությունների) ընդգրկած ժամանակահատված: Օգտագործված է ներկայացման հետևյալ սկզբունքը.

5.1 «431»: Այս դեպքում պատմիչի պատմական աշխատությունը ընդգրկում է ընդամենը մեկ տարվա, կամ ավելի կարճ ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի նկարագրություն: Օր.՝ Աբրահամ Մամիկոնեիցի «Պատմութիւն Եփեսոսի ժողովի» աշխատությունում պատմվում է 431 թ-ին Եփեսոսի Գ տիեզերական ժողովի մասին:

5.2 «1220 – 1273»: Այս ձևով նշվում է պատմիչի պատմական աշխատության ընդգրկած ժամանակահատվածը: Եթե պատմիչն ունի մեկից ավելի պատմական աշխատություն, և նրանց ընդգրկած ժամանակահատվածները հատվում են, ապա գրաֆիկում նշվում է այդ ժամանակահատվածների միավորված հատվածի ամենավաղ տարեթվից մինչև ամենաուշ տարեթիվը: Օր.՝ Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը ունի մի քանի պատմական աշխատություն: Նրանցից «Պատմութիւն համառօտ ԴՃ (400) տարւոյ օսմանցոց թագաւորացն» աշխատությունն ընդգրկում է 1299-1678 թվականներն ընկած ժամանակահատվածը, իսկ «Տարեգրական պատմութիւն» աշխատությունը՝ 1565-1694 թվականները: Գրաֆիկում Քյոմուրճյանի աշխատությունների ընդգրկած ժամանակահատվածը նշված է 1299-1694 թվականները:

5.3 «Սկզբ – 1289»: Պատմական աշխատության ընդգրկած ժամանակահատվածի սկիզբը «Սկզբ» է գրված այն դեպքերում, երբ այդ աշխատությունն սկսվում է աշխարհի արարչությունից կամ աստվածաշնչյան որևէ այլ դեպքի նկարագրումից (Ջրհեղեղ, Բաբելոնյան աշտարակաշինություն և այլն):

5.4 «Սկզբ — 330, 600 – 610»: Որոշ դեպքերում պատմական աշխատության ընդգրկած ժամանակահատված դաշտում նշված է երկու ժամանակահատված, որոնք իրարից բաժանված են ստորակետով: Դա կարող է լինել երկու դեպքում. երբ պատմիչի աշխատության մեջ բավականին մեծ ժամանակահատվածի բաց կա (օր.՝ Ուխտանեսի «Պատմութիւն Հայոց» աշխատության առաջին մասն սկսվում է Ադամից և հասնում մինչև Տրդատ Գ Մեծ (330 թ.), իսկ երկրորդ մասն ընդգրկում է 600-610 թվականները), կամ էլ այդ պատմիչը ունի երկու պատմական աշխատություն, որոնց ընդգրկած ժամանակահատվածները իրար հետ չեն հատվում (օր.՝ Մինաս Ամդեցու «Ազգաբանութիւն Հայոց» աշխատությունն ընդգրկում է «սկզբից» մինչև 1399 թվականները, իսկ «Օրագրութիւն» աշխատությունն ընդգրկում է 1680-1704 թվականները):

5.5 «951 – 1272 – 1336»: Որոշ դեպքերում պատմիչի պատմական աշխատության ընդգրկած ժամանակահատվածը նշված է երեք թվով: Սա նշանակում է, որ այդ պատմիչի գրած աշխատությունը ընդգրկում է առաջին երկու տարեթվերով ընդգրկված ժամանակահատվածը, իսկ հետագայում (հիմնականում ձեռագրերի ընդօրինակությունների ժամանակ), այլ գրիչի (կամ գրիչների) կողմից այն շարունակվել է և հասցվել մինչև նշված երրորդ թվականը: Օր.՝ Սմբատ Սպարապետն իր «Տարեգիրք» աշխատության մեջ նկարագրում է 951-1272 թվականներն ընկած դեպքերը: Իսկ հետագայում՝ մեկ այլ գրիչի կողմից անցքերի շարադրանքը հասցվել է մինչև 1336 թ-ը:

Ժամանակագրական տախտակի երկրորդ մասի յուրաքանչյուր տողում ներկայացված է տվյալ պատմիչի պատմական աշխատության (աշխատությունների) ընդգրկած ժամակահատվածը: Աղյուսակն ընդգրկում է 1 թվականից մինչև 1900 թվականն ընկած ժամանակահատվածը: Բաժանումը կատարված է 5 տարվա ճշտությամբ: Ժամանակի ցուցադրման համար օգտագործվել են հետևյալ նշանակումները.

6. Մգացված հոծ գծով առանձնացված են 500-ամյա ժամանակահատվածները: Այդ ուղղահայացը գտնվում է 0, 500, 1000 և 1500 թվականներին համապատասխանող կետերում:

7. Մգացված ընդհատվող գծով առանձնացված են 100-ամյակները՝ 100, 200, 300 և այլ թվականները:

8. Ընդհատվող գծիկով նշված է աղյուսակի յուրաքանչյուր 100 ամյա ժամանակա-հատվածի կեսը: Այն գտնվում է 50, 150, 250 և այլն թվականներին համապատասխանող կետերում:

9. Կետերից կազմված գծերով առանձնացված են 10-ամյակները՝ 10, 20, 30 և այլն թվականները:

10. Նույն կետերից կազմված գծերով նշված են նաև 5-ամյա ժամանակահատվածները: Գրաֆիկի տեսքը չծանրաբեռնելու նպատակով այս բաժանումը կատարված է միայն աղյուսակի գլխամասում: Սակայն պատմական աշխատության ընդգրկած ժամանակահատվածը ցուցադրող վանդակները աղյուսակում տեղադրված են այդ գծերին համապատասխանող դիրքերով:

11. Աղյուսակի գլխամասի առաջին տողում նշված են դարերը՝ հռոմեական թվանշաններով: Յուրաքանչյուրի կողքը, փակագծի մեջ նույնը նշված է նաև հայկական տառերով:

12. Երկրորդ տողում ցուցադրված են 5-ամյա ժամանակահատվածը ցուցադրող կետերը (կետերից կազմված գծերով): Արաբական թվանշաններով նշված են յուրաքանչյուր 50-ամյակները՝ 0, 50, 100 և այլն:

Պատմիչի աշխատության ընդգրկած ժամանակահատվածի արտացոլումն իրեն համապատասխանող տողում կատարվել է հետևյալ սկզբունքով.

13. Պատմական աշխատության ընդգրկած ժամանակահատվածը արտացոլված է ուղղանկյան տեսքով, որի ձախ անկյունում գրված է այդ ժամանակահատվածի սկիզբը՝ տարեթիվ կամ «Սկզբ» գրելու միջոցով (տե՛ս 5.3 կետը վերևում):

14. Այդ ժամանակահատվածը պատկերող ուղղանկյունը կարող է ունենալ բաց կամ մուգ մոխրագույն գունավորում, կամ էլ երկուսն էլ: Ժամանակահատվածի այն մասը, որը բաց մոխրագույն է, համապատասխանում է պատմական աշխատության (աշխատությունների) ընդգրկած այն ժամանակահատվածին, որը հեղինակի համար չի համարվում (ի տարբերություն մուգ հատվածի) ականատեսի կամ ականջալուրի ժամանակահատված:

15. Մուգ մոխրագույն գունավորում ունեցող հատվածը ցույց է տալիս այդ պատմիչի պատմական աշխատության (աշխատությունների) ընդգրկած ժամանակահատվածի այն մասը, որը տվյալ պատմիչի համար համարվում է ականատեսի կամ ականջալուրի ժամանակահատված: Այս ժամանակահատվածն ընդունվել է պատմիչի կողմից աշխատությունը գրելու տարեթվից դեպի հետ՝ 75 տարի հաշվարկով (Պատմության գրման ժամանակը անհայտ լինելու դեպքում 75 տարին հետ հաշվարկ է կատարվել այդ պատմիչի մահվան թվականից): Օր.՝ Սմբատ Սպարապետը մահացել է 1276 թ-ին: Նրա պատմական աշխատության ընդգրկած ժամանակահատվածն է՝ 951-1272 թվականները: Քանի որ 1276 – 75 = 1201, ապա Սմբատի աշխատության մեջ ականատեսի և ականջալուրի հատված է համարվում այն մասը, որն ընդգրկում է 1201-1272 թվականների դեպքերի շարադրումը:

16. Պատմիչի պատմական աշխատության ընդգրկած ժամանակահատվածի վերջը:

17. Սև գույնի վանդակով ցուցադրված է այն ժամանակը, երբ պատմիչի կողմից գրվել է տվյալ աշխատությունը (այն պատմիչների համար, որոնց մասին պահպանված չէ աշխատության գրման ժամանակը, այն ընդունվել է պատմական աշխատության վերջը):

18. Պատմիչի պատմությունը գրելու ժամանակից (սև վանդակից) աջ գտնվող բաց մոխրագույն հատվածը ցույց է տալիս պատմական աշխատության (աշխատությունների) ընդգրկած ժամանակահատվածի այն մասը, որ գրվել է հետագայում՝ այլ գրիչների կողմից:

19. Այլ գրիչների կողմից հետագայում պատմությանն ավելացված հատվածի ընդգրկած ժամանակաշրջանի վերջի տարեթիվը: