Կարծիքներ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան


Արամ Սոխակյանի «Հանրագիտակ Հայոց պատմության աղբյուրագիտության» ժողովածուն բնութագրվում է գիտա-հանրամատչելի աշխատություն: Այն օգտակար կլինի ինչպես մասնագետների, այնպես էլ ուսանողների և հայագիտության բնագավառով հետաքրքրված ցանկացած մարդու համար:
Համարում եմ, որ այս ժողովածուն արժեքավոր ներդրում է Հայոց պատմության աղբյուրագիտության բնագավառում և արժանի է տպագրության:

Երևանի Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյան

Գիրքը կազմված է մանրակրկիտ, տքնաջան աշխատանքով, ամենայն բծախնդրությամբ և արժեքավոր ներդրում է Հայոց պատմության աղբյուրագիտության ուսումնասիրման հետագա խորացման գործում։
Անշուշտ, նյութը, որի ներկայացմանը ձեռնարկել է Արամ Սոխակյանը, հսկայածավալ է, կարելի է ասել անսպառ, և ժամանակի ընթացքում այն կարող է լրացնել նոր տվյալներով։ Սակայն այն, ինչ արդեն ընդգրկված է սույն գրքում, չափազանց կարևոր է, և օգտակար կլինի ինչպես մասնագետների, այնպես էլ հատկապես ուսանողների և հայագիտության բնագավառ ոտք դրած երիտասարդ հետազոտողների համար։

Երևանի Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյան

«Հանրագիտակ Հայոց պատմության աղբյուրագիտության» ժողովածուն մատենագիտական-տեղեկատվական բնույթի ծավալուն աշխատանք է, որը խիստ օգտակար կարող է լինել սկսնակ հետազոտողների, հատկապես ուսանողների, նաև մագիստրատուրայի ուսանողների համար, որոնք զբաղվելով վաղ շրջանի, միջնադարի պատմությամբ, կարող են իրենց անհրաժեշտ գրականության ցանկում ներառված աշխատությունները, հեղինակները գտնել այս աշխատանքում։ Համահավաք ներկայացված են բոլոր հրատարակություններն ու ուսումնասիրությունները, այդ իմաստով ունի օժանդակող և հետագա աշխատանքները դյուրացնող նշանակություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Ղազարյան

Եթե գիրքը իրենից ներկայացնում է նորություն իր ծավալի և հեղինակների ընդգրկման առումով, ապա կարող ենք ասել, որ խիստ գիտական է և նորություն գրքում հավելվածի ձևով ներկայացված ներդիր ժամանակագրական տախտակը։ Հեղինակը մեկ ժամանակագրական տախտակի միջոցով այս գրքի ամբողջ բովանդակությունը կարծես դնում է հանրության առջև։ Մենք այնտեղից շատ հեշտորեն կկարողանանք տեսնել հիմնական պատմիչներին, նրանց աշխատությունների ընդգրկման ժամանակը և որ ամենակարևորն է պատմաբանի համար, իմանա տվյալ պատմիչի աշխատության որ հատվածն է, որ առավել հավաստի կամ ինչպես մենք ասում ենք՝ իր ապրած ժամանակներին է վերաբերվում։ Հեղինակն այս խնդիրները կարողացել է հասկանալ, թե գիտնականին ինչն է կարևոր աղբյուրն օգտագործելիս, և դա ընկալելով կարողացել է ստեղծել մի ժամանակագրական տախտակ, որն իր տեսակով չափազանց հետաքրքրական նորություն է, և այն կարող է համարվել իրոք գիտական նորույթ, որ դրված է այսօր ընթերցողների սեղանին, ովքեր կարող են այն օգտագործել։