Գլխավոր

  • Գիրքը կարող եք ձեռք բերել․
    «Բուկինիստ», «Նոյան Տապան» և «Զանգակ» գրատների գրախանութներում
  • Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի գրատանը (Էջմիածին, Մայր Աթոռի տարածքում)
    «Լույս» գրախանութում (Մաշտոցի պողոտա, Պոնչիկանոցի դիմաց)
    «Նաիրի» գրախանութում (Կորյունի փողոց, Բժշկական ուսումնարանի կողքը)
    «ՄԳ» գրախանութում (Աբովյան փողոց, Շրջանայինից ներքև)
    Երևանի վերնիսաժում (գրավաճառ Տիգրանի մոտ)
    Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների գրախանութներում
    Այն հասանելի է հետևյալ գրադարաններում․
    ՀՀ Ազգային գրադարան
    ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական գրադարան
    ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գրադարան
    Երևանի Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանի ընթերցասրահ
    Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան

«Հանրագիտակ Հայոց պատմության աղբյուրագիտության» ժողովածուն տալիս է հանրագիտական տեղեկություններ Հայոց պատմության աղբյուրագիտության գրչագիր հատվածի հայ հեղինակների մասին: Ընդհանուր առմամբ տեղեկություններ կան 644 մատենագրի մասին, որոնք են՝ պատմիչներ, ժամանակագիրներ, տարեգիրներ, ուղեգիրներ, հուշագիրներ, օրագրողներ, ողբասացներ, վարքագիրներ, վկայագիրներ և հիշատակագիրներ: Ժողովածույում ներառվել են այն մատենագիրները, որոնց թողած աշխատությունները պատմական տեղեկություններ են պարունակում: Եվ որոնց աշխատության ընդգրկած ժամանակահատվածի ականատես-ականջալուր մասը գտնվում է մինչև 1800 թվականը:

Հանրագիտակը բաղկացած է չորս մասից, հավելվածներից և ցանկերից.

  1. «Պատմական աղբյուրագիտություն» բաժնում ներկայացված է աղբյուրագիտությունն իր տեսակներով: Փոքրիկ հոդվածներով ներկայացված են նյութական աղբյուրագիտությունը, ազգագրությունը, լեզվագիտական նյութերը, բանահյուսությունն իր տարատեսակներով, նախամաշտոցյան գրավոր աղբյուրները (ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ, Արամեատառ արձանագրություններ, հունարեն և լատիներեն արձանագրություններ և օտար սկզբնաղբյուրներ), ինչպես նաև հետմաշտոցյան հայատառ վիմագիր արձանագրությունները: Ավելի մանրամասն ներկայացված է հայատառ գրչագիր պատմագրությունն իր հետևյալ տեսակներով. պատմություն, ժամանակագրություն և տարեգրություն, հուշագրություն, օրագրություն, ուղեգրություն, հիշատակագրություն, վարքագրություն և վկայաբանություն, պատմաողբեր:
  2. «Հիմնական պատմիչներ» բաժնում ժամանակագրական կարգով (Կորյունից մինչև Իսահակ Սահրադյան), կես էջից մինչև մի քանի էջ ծավալով ներկայացված են թվով 154 պատմիչներ: Այս բաժնում ընդգրկվել են այն հեղինակները, որոնց աշխատություններն էական արժեք ունեն Հայոց պատմության ձևավորման համար: Հայտնի կենսագրական տեղեկություններից հետո ներկայացված են տեղեկություններ նրանց թողած պատմական աշխատությունների, ընգրկած ժամանակահատվածի, օգտագործված սկզբնաղբյուրների, առկա ձեռագրերի, հրատարակությունների մասին: Համառոտ նկարագրված են այդ աշխատությունների կառուցվածքն ու բովանդակությունը:
  3. «Մանր և անհայտ պատմիչներ, պատմաաղբյուրագիտական գործեր թողած մատենագիրներ» բաժնում ավելի կարճ ծավալով (մի քանի տողից մինչև կես էջ), այբբենական կարգով ներկայացված են այն մատենագիրները, որոնց մասին պահպանվել են միայն կցկտուր տեղեկություններ, կամ էլ փոքրիկ պատմաաղբ-յուրագիտական արժեք ունեցող աշխատություններ, որոնք իրենց պարունակած տվյալներով լրացումներ կամ ուղղումներ են կատարում հիմնական պատմիչների պատմական աշխատություններում ներկայացված տեղեկությունների վրա: Այստեղ ներկայացված են թվով 490 մատենագիրներ: Տեղեկություններ նրանցից պահպանված ձեռագրերի, պատմական աշխատությունների հրատարակությունների և նրանց  մասին առկա գրականության մասին:
  4. «Աղբյուրագիտական արժեք ունեցող ժողովածուներ և գրքեր» բաժնում այբբենական կարգով ներկայացված են թվով 37 հատ մեզ հասած գիրք կամ ժողովածու, որոնք նույնպես տեղեկություններ են պարունակում Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին (Աշխարհացոյց, Գահնամակ, Գիրք թղթոց, Դատաստանագրքեր, Ժամագիրք, Կանոնագիրք, Կնիք հավատո, Ճառընտիր և այլն ): Տրված են տեղեկություններ այդ գրքերի հեղինակների, կառուցվածքի, առկա ձեռագրերի, հրատարակությունների և գրականության մասին:
  5. Հավելվածներ
    • «Ժամանակագրական տախտակ հիմնական պատմիչների և նրանց պատմական աշխատությունների»: Սա իրականում գրքին որպես ներդիր կցված մի առանձին աղյուսակ է, որի 154 տողերը գրքի «Հիմնական պատմիչներ» բաժնի 154 հեղինակներն են: Սյուները ցույց են տալիս ժամանակը՝ սկսած 1 թվականից մին-չև 1850 թվականը: Բաժանումները կատարված են 5 տարվա կտրվածքով: Յուրաքանչյուր պատմիչի դիմաց երևում է իր պատմական աշխատության ընդգրկած ժամանակահատվածը, առանձին գունավորումով՝ այդ հատվածի ականատես-ականջալուր հատվածը: Աղյուսակի միջոցով կարելի է մեր թվարկության յուրաքանչյուր տարվա համար տեսնել, թե մեր հիմնական պատմիչներից ում պատմական աշխատություններում կարելի է գտնել տեղեկություններ այդ թվականի մասին, և նրանցից որոնք են եղել ականատես կամ ականջալուր:
    • «Պատմիչների կապը որպես աղբյուր օգտագործման տեսակետից»: Այստեղ նույնպես աղյուսակի ձևով ներկայացված են «Հիմնական պատմիչներ» բաժնի հեղինակները, յուրաքանչյուրի համար նշելով, թե որ այլ պատմիչների աշխատություններից է օգտվել ինքը, և ովքեր են հետագայում օգտվել իր աշխատություններից: Նշված է նման 234 կապ:
    • «Հիմնական պատմիչների ձեռագրերի համառոտ նկարագրություններ»: Այստեղ մի քանի տողով տրված են տեղեկություններ (բնույթը, գրման վայրն ու թվականը, գրիչն ու ստացողը, չափերն ու թերթերի քանակը և այլն), այն ձեռագրերի մասին, որոնք նշված են «Հիմնական պատմիչներ» բաժնում: Ներկայացված է 15 Մատենադարանում, գրադարանում, թանգարանում կամ ձեռագրաց ցուցակում գտնվող 522 ձեռագրի նկարագրություն:
    • «Ձեռագրերն ըստ հիմնական պատմիչների»: Այս հավելվածում այբբենական կարգով ներկայացված են «Հիմնական պատմիչներ» բաժնի հեղինակները, յուրաքանչյուրի համար նշելով իրենց վերաբերող ձեռագրերն ըստ Մատենադարանների:
    • «Հայոց պատմության աղբյուրագիտության երախտավորները»: Այս հավելվածում այբբենական կարգով հանրագիտարանային տեղեկություններ են տրված թվով 44 այն պատմաբանների ու աղբյուրագետների մասին, որոնք լուրջ ներդրում են ունեցել Հայոց պատմության աղբյուրագիտության ուսումնասիրման գործում: Այս ցանկում իհարկե կարելի էր շատ ու շատ ավելի մարդկանց ներկայացնել:
    • «Թագավորներ, Կաթողիկոսներ, տոհմեր և կաթողիկոսություններ»: Այս հավելվածում համառոտ տեղեկություններ են տրված ազգությամբ հայ այն թագավորների, Ամենայն Հայոց կաթողիկոսների ու տոհմերի մասին, որոնց անունը օգտագործվել է «Հիմնական պատմիչներ» բաժնում: Ներառում է 93 անուն:
    • «Տեղանունների նկարագրություն»: Այստեղ համառոտ տեղեկություններ են տրված այն վայրերի մասին, որոնց մասին հիշատակված է «Հիմնական պատմիչներ» բաժնում: Ներառում է 283 վայրի նկարագրություն:
    • «Գրականություն»: Ժողովածուն կազմելու համար օգտագործված գրականության ցանկն է: Օգտագործվել է 75 բառարան, հանրագիտարան և ձեռագրաց ցուցակ: Օգտագործված գիտական հրատարակությունների թիվը՝ 714:
  6. Ցանկեր
    • «Հայ հեղինակների աշխատություններ»: Այս ցանկում այբբենական կարգով ներկայացված են հայ հեղինակների այն աշխատությունները, որոնց մասին նշված է այս ժողովածույում: Այն ընդգրկում է 870 անվանում, որից 39-ը՝ գրվել է օտար լեզով: Յուրաքանչյուր աշխատության դիմաց նշված է հեղինակի անունը (եթե այդպիսին կա) և Հանրագիտակի այն էջը, որտեղ կարելի է կարդալ այդ մասին:
    • «Ձեռագրեր»: Այս ցանկում ձեռագրերի հերթական համարների աճողական կարգով տրված են Հանրագիտակում հիշատակված բոլոր ձեռագրերը (նշելով Մատենադարանը), յուրաքանչյուրի համար նշված են նաև Հանրագիտակի համապատասխան էջերը: Ընդհանուր առմամբ գրքում հիշատակված է 38 Մատենադարանում, գրադարանում, թանգարանում կամ ձեռագրաց ցուցակում գտնվող 880 ձեռագիր:
    • «Անձնանուններ»: Անձնանունների ցանկն է ըստ էջերի, որ ներառում է 2.260 անուն:
    • «Տեղանուններ»: Տեղանունների ցանկն է ըստ էջերի, որ ներառում է 711 անվանում:
    • «Առարկայական ցանկ»: Առարկայական ցանկը բաղկացած է 508 միավորից:

Գրքում կիրառված է հղումների երկու համակարգ.

  • Հռոմեական թվերով հղումները տրված են յուրաքանչյուր էջի տակ: Նրանք իրենց բնույթով երեք տեսակ են. օգտագործված գրականություն, լրացուցիչ տեղեկություններ կամ որևէ բառի բացատրություն:
  • Արաբական թվերով գրված հղումը ցույց է տալիս Հանրագիտակի համապատասխան էջը:

Один комментарий к “Գլխավոր”

  1. Արև:

    Շատ լավ գիրք է

Добавить комментарий